Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,
Ես չեմ հեռանում իմ Հայրենիքից,
Ոտքիս տակ հողն է դառնում անանուն
Մարդիկ՝ անհաղորդ ու անկարեկից:
Օտարոտվել ենք, էլ չենք հասկանում
Ստով բեռնված քայքայվող լեզուն,
Եվ ատելությամբ իրար են նայում
Լքված մշակ ու բտված անասուն:
Հույս, հավատ ու սեր ՝ տանուլ տվեցի
Խեղկատակների տոնահանդեսում,
Էլ չեն սպասում իմ վերադարձին
Եվ հրաժեշտի խոսքեր են ասում:
Բայց ես ամու՛ր եմ կանգնել իմ տեղում՝
Խորշակների դեմ՝ անպա՛րտ ու անբի՛ծ.
Իմ հայրենիքն է ինձնից հեռանում,
Ես չե՛մ հեռանում իմ Հայրենիքից:
Խաչիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ